ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց 2017 թվականի նոյեմբերի 21-ին և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ից:
280 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ մյուս նամականիշի վրա՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանը:
Գեղաթերթիկի վրա ներկայացված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքերը: Երկու նամականիշով գեղաթերթիկը ձևավորված է ՀՀ և ՌԴ դրոշների գույներով:
Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Թողարկման օրը` 21 նոյեմբերի 2017թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 34,0 x 34,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հ.