Կիեւի Վեռնադսկու անվան գրադարանում բացվում Է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը

Armenpress 15:54, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 22-ին Կիեւում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են նպաստել հայկական պատմամշակութային արժեքների տարածմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիեւում վերստին կբացվի մեծ հետաքրքրություն առաջացրած «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը, այս անգամ ցուցադրանքը կներկայացվի Ուկրաինայի Վ.Ի. Վեռնադսկու անվան ազգային գրադարանում: Միջոցառման շրջանակներում կկայանա ուկրաիներեն-հայերեն թեմատիկ բառարանի (հեղինակ՝ Սալոմե Ենգիբարյան) հրատարակման շնորհանդեսը, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների կողմից հայագիտական հրատարակությունների շնորհանդեսն ու դրանց հանձնումը Վեռնադսկու գրադարանի ֆոնդերին:

Նշենք, որ Ուկրաինայի Վ.Ի.Վեռնադսկու անվան ազգային գրադարանի հետ Ուկրաինայի հայերի միության սերտ համագործակցության շրջանակներում արդեն կայացել են մի շարք շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ, որոնք բարձր գնահատանքի են արժանացել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Վ.Ի.Վեռնադսկու անվան ազգային գրադարանը տեղ Է գրավում աշխարհի տասը խոշորագույն գրադարանների շարքում: Ինչպես AnalitikaUA.net-ին ասել Է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «մենք հպարտությամբ ենք ներկայացնում Ուկրաինայի հայերի ժառանգությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am