Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ 

Armenpress 14:53, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սեռական և գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվություն» քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցավ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ստանդարտ գործառնական նորմատիվների պաշտոնական ստորագրման արարողություն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստորագրել են «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։  «Այսօրվա մեր կյանքում աշխարհը շատ արագ քայլերով փոփոխվում է, և նորանոր մարտահրավերներ են առաջանում։ Այդ մարտահրավերներին արձագանքելու համար մենք պետք է այսօրվան համընթաց քայլենք։ Այսօր և՛ մեզ, և՛ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի համար շատ կարևոր խնդիր է հանդիսանում գենդերային հիմնախնդիրը և դրան ուղղված գործունեությունը։ Գենդերային բալանսը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ թե՛ ընտանիքի կազմակերպման, թե՛ հանրապետության համար»,- ընդգծեց Աննա Եղիազարյանը։  Նրա խոսքով՝ 2013 թվականից սկսած ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ սեռով և գենդերով պայմանավորված բռնություններին ուղղված գործունեություն է իրականացվում և դեռ շարունակվելու է։  «Համատեղ ջանքերով մշակել ենք ստանդարտ, գործառնական ընթացակարգ, որը վերաբերում է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների արձագանքմանը։ Կարծում եմ, որ ստորագրելով այս փաստաթուղթը՝ կկարողանանք ավելի կոորդինացված ձևով խնդիրները լուծել»,- ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության ներկայացուցիչը։  ՄԱԿ-ի ՓԳՀ-ի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը Հայաստանում՝ Քրիստոֆ Բիրվիրթը, իր հերթին նշեց, որ, դժբախտաբար, սեռով և գենդերով պայմանավորված բռնությունը այն իրականությունն է, որ կա ամբողջ աշխարհում։  «Փորձը ցույց է տալիս, որ տեղահանությունը, նման իրավիճակը նույնպես մեծացրել է բռնությունների ռիսկը։ Մենք միշտ արձագանքում ենք բոլոր ահազանգերին, որոնք մեզ համար բաժանվում են երկու տիպի։ Առաջինը միանգամից արձագանքելն է զոհի խնդրին, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է չմոռանալ կանխարգելման եզրույթը։ Արձագանքը և կանխարգելումը բազմատեսակ կազմակերպությունների և ծառայությունների պահանջն է։ Այսինքն՝ կազմակերպությունը միայնակ չի կարող իրականացնել արձագանքման և կանխարգելման իր պարտավորությունները»,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը։  Սեռական և գենդերային բռնությունը կանխարգելելու համար պետք է աշխատել տարատեսակ ուղղություններով՝ բժշկական, իրավական, սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական պաշտպանություն, ինչն իրենից ենթադրում է ապահով ապաստարանի տրամադրում։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am