Գեղարքունիքի մարզի դպրոցների դասասենյակներում կատարվում է ամենօրյա ջերմաչափում

Armenpress 13:49, 20 Նոյեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերյան դպրոցական արձակուրդներից հետո Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունների վերահսկողությամբ կատարվում են ամենօրյա ջերմաչափումներ, ստուգվում աշակերտների հաճախելիությունը, ուսումնասիրվում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, նոյեմբերի ընթացքում կատարված ջերմաչափումները ցույց են տվել, որ մարզի բոլոր դպրոցներում ընթացող դասաժամերին դասասենյակներում ապահովվել է 18-21 աստիճան տաքություն, գրանցվել է աշակերտների բարձր կամ բավարար հաճախելիություն, սուր շնչառական հիվանդությունները եղել են վերահսկելիության սահմաններում:

«Դպրոցներում իրավիճակը մեր կողմից վերահսկելի է, ամենօրյա ջերմաչափումները շարունակվելու են, սուր շնչառական հիվանդությունները ինչպես դպրոցներում, այնպես էլ այլ հիմնարկներում մասսայական կամ տարածված բնույթ չեն կրում: Նոյեմբերի 20-ի դրությամբ մարզի հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններից բուժվում է 21 հիվանդ»,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am