Սպասվող լրահոս. 16.11.2017

Armenpress 09:10, 16 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի արտահանման վարկ: «Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ներառված է այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայանալիք Կառավարության նիստի օրակարգում: Գործադրի օրակարգում ներառված հարցերից մեկի համաձայն էլ՝ մի քանի ընկերությունների համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:Ազգային ժողովը կշարունակի քննարկել պետական բյուջեի նախագիծը:  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի դափնեկիր Թոնի Ֆադելը Մատենադարանում կհանդիպի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման շրջանակում Ֆադելը կներկայացնի իր շնորհանդեսը, կպատասխանի հարցերին:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ձևավորված աննախադեպ համագործակցությունը  8 հասարակական կազմակերպությունների միջև ամփոփում է  իր կատարած աշխատանքները Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում: Մարտունի համայնքում այդ առիթով կկազմակերպվի մամուլի ասուլիս և շրջայց: Կներկայացվի կատարված աշխատանքների ամփոփումը:Գյումրու Հայորդյաց տանը տեղի կունենա Ուսանողների միջազգային օրվան նվիրված կրթական փառատոնի պաշտոնական բացումը, որն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցությամբ:Ժամանակակից գրականությունը ներառված չէ 2018 թվականի բյուջեի պետաջակցության և պետպատվերի ցանկերում: Մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանը և «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կներկայացնեն թեմայի շուրջ իրենց տեսակետները:Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հյուսիսային պողոտայի տասնամյակի առիթով կազմակերպվող «Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը  կոչված է ներկայացնել Երևանի նորագույն պատմության էջերում կարևոր տեղ գրաված քաղաքաշինական այս ծրագրի պատմությունը, նրա անցյալը, գոյություն ունեցող նախագծերը, իրականացված պողոտայի այսօրվա անցուդարձն ու ապագայի զարգացումները:Նոյեմբերի 16-ին տեղի կունենա Հայաստանում BLS International ընկերության գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը աշխարհի մի շարք երկրներում հեշտացնում է Իսպանիայի Թագավորության մուտքի վիզա ստանալու գործընթացը ուսանողների, զբոսաշրջիկների և բիզնեսմենների համար։Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am