Խոսքային խանգարումներից ամենատարածվածը հնչյունային խնդիրն է. այսօր Լոգոպեդի միջազգային օրն է

Armenpress 13:39, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոգոպեդի օրն ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 14-ին: Հայաստանում խոսքային խանգարումներից ամենատարածվածը հնչյունային խնդիրն է: Դրանք 3-4 անգամ ավելի շատ դրսեւորվում են տղա երեխաների շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ , լոգոպեդ Սոնա Սարգսյանն ասաց, որ տղաների մոտ խոսքային խանգարումների պատճառը թույլ զարգացած նյարդային համակարգն է: Մասնագետի խոսքով` խոսքի հետ կապված խնդիրներ ավելի շատ հանդիպում են նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: «Խոսքային խանգարումներից ամենատարածված խնդիրներից է նաեւ խոսքի զարգացման հապավումը, երբ երեխաներն ավելի ուշ են սկսում խոսել, իսկ դրանից հետո նոր արդեն խոսքի ամբողջական բացակայության խնդիրն է»,-ասաց նա:

Հայաստանում լոգոպեդի մասնագիտությունը տարեցտարի ավելի ակտուալ է դառնում: «Հնչյունային խնդիրներ ունեցող բալիկները հատկապես մանկապարտեզներում շատ են»,-ասաց Սոնա Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք կարող են ինքնուրույն անցնել մինչեւ երեխայի հինգ տարին լրանալը: «Եթե երեխայի հինգ տարին լրանալուց հետո նա հնչյունային խնդիրներ ունի, պետք է դիմել մասնագետի օգնությանը»,-ասաց մասնագետը:

Լոգոպեդիան մարդասիրական գիտություն է, որի մասնագետը՝ լոգոպեդը,  օգնում է կյանքի տարբեր փուլերում խոսքային խանգարումներին բախվող մարդկանց շտկել առկա խնդիրները: Առաջին լոգոպեդները կարողացել են վերացնել սահմանափակ թվով խանգարումներ և միայն 19-րդ դարի վերջում, շնորհիվ բազմաթիվ գիտափորձերի ու մեթոդիկաների, նրանք կարողացան նոր փուլ թևակոխել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am