Արա Շիրազի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին

Armenpress 17:24, 11 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 11-ին բացվեց  քանդակագործ Արա Շիրազի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը, որով էլ կամփոփվի պատկերասրահի այս տարվա ցուցահանդեսների շարքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի խոսքով`վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքներն այս մասշտաբով ցուցադրվում են առաջին անգամ: «Ցուցահանդեսին բավականին երկար ենք պատրաստվել: Այստեղ ներկայացված է արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին: Փորձել ենք ամենը ներկայացնել ըստ ժամանակագրական հաջորդականության»,-ասաց նա:

Արա Շիրազի  մտերիմ ընկեր Ռոբերտ Էլիբեկյանի խոսքով`  Արա Շիրազը մեծ արվեստագետ էր եւ նա մեծ հետք է թողել պատմության մեջ: «Արա Շիրազի գործերն իր արվեստանոցում գրեթե բանտարկված էին, իսկ ինքն ուզում էր, որ իր գործերն ապրեն: Շնորհակալ եմ պատկերասրահին՝ այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»,-ասաց նա:

Արա Շիրազը  հայ   նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խոր զգացողությամբ, թեմայի և կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ:Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին՝ հզոր արձանագործի ծավալային և ձևակազմական բոլոր փոխակերպումներով, քանդակագործական երկերից մինչև գրաֆիկական թերթերը` շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից):

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am