Ֆրանսիան հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է. Մակրոնը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

Armenpress 14:39, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղղված նամակում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր Արևելքն ապրում է բնռության ու բռնակալության մթնոլորտում: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ  է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում և Թուրքիայում»:

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:

Նա վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող զորեղ բարեկամությունը՝ ընդգծելով, որ Լիբանանը բազմազանության և ժողովրդավարության օրինակ է, որտեղ հայ համայնքն ունի իր կարևոր դերը:

Նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արևելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը պատրաստակամություն է հայտնել պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելու ցեղային ու կրոնական ծայրահեղություններին ու բռնությանը զոհ դարձած համայնքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am