Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Armenpress 16:46, 3 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:

 Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել  անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առևտրային արգելքների հետագա վերացումը և Ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական ազդեցություն կունենա  պետությունների տնտեսական աճի վրա և հնարավորություններ կստեղծի ԱՊՀ երկրների տնտեսությունների խորացման համար:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նիստում ընդունվել են  անդամ պետությունների  տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր:

Խորհուրդը նաև որոշում է կայացրել հաջորդ նիստը 2018թ. հունիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացնելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am