2017 թվականին 1 խորքային հորի լուծարման շնորհիվ տարեկան կխնայվի մոտ 2 մլն խմ ջուր

Armenpress 16:16, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում խորքային հորի լուծարման արդյունքում տարեկան խնայվելու է 1,9 մլն խմ ջուր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից 2017 թվականին լուծարվել է 1 խորքային հոր։ 

ԳԱՏՕ ծրագրի ինժեներ Հայկ Պետրոսյանն ասաց, որ տվյալ խորքային հորը նախկինում կառուցվել է «Երևան ջրի» համար։ 

«Հորը կառուցելու ժամանակ ճիշտ շինարարություն չի իրականացվել և արդյունքում ժամանակի ընթացքում ջուրը «ճանապարհ է բացել» և արտախողովակային հոսք է սկսել։ Այս հորը համայնքին լուրջ վնաս էր պատճառում և դրա փակման աշխատանքների ժամանակ այդ հատվածում ժամանակավոր դրենաժ սկսեցինք, չորացրեցինք, քանի որ հարակից տարածքը ճահճացել էր։ Այս աշխատանքներն իրականացնելուց հետո պարզեցինք, որ հոսքն ամբողջությամբ արտախողովակային է և խողովակն ամբողջությամբ փակ էր»,- նշեց Հայկ Պետրոսյանը։ 

Նրա պնդմամբ՝  1970-ականներից սկսած այդ խորքային հորից կորել է մոտ 80 մլն խմ ջուր։ 

2016 թվականին Հայաստանում լուծարվել է 5 խորքային հոր, իսկ 2017 թվականին՝ 1։ Ամբողջ հանրապետությունում լուծարման կամ կոնսերվացման ենթակա է 126 ինքնաշատրվանող խորքային հոր։ Լուծարումից հետո խորքային հորն ընդհանրապես ենթակա չէ հետագա շահագործման, իսկ կոնսերվացման պարագայում հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր է նորից վերաբացել։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am