Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու ծրագիր դեռևս չկա. փոխնախարար

Armenpress 15:56, 31 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր դեռևս չկա: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: 

«Առայժմ իրականացվում է երկրորդ էներգաբլոկի աշխատանքի երկարացման ներդումային ծրագիրը, որը կավարտվի 2020 թվականին: Նշված ծրագրի ավարտից հետո ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների աջակցությամբ կհաշվարկվի և կհաստատվի վերակառուցման արդյունքում էներգաբլոկի լրացուցիչ ռեսուրսը, թե ինչքան է հնարավորություն տալիս շահագործելու, որից հետո արդեն նոր որոշում կկայացվի, թե երբ և ինչ հզորությամբ կառուցվի նոր էներգաբլոկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագրից, ինչի վերաբերյալ փոխնախարարն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում երեք կազմակերպության հետ հողմային կայաններ կառուցելու պայմանագրեր են կնքվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am