ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանի հետ

Armenpress 13:49, 31 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով դեսպան Մոնտեյրոյին Հայաստանում պաշտոնավարման անցած տարիներին կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ ժամանակահատվածն աչքի է ընկել տարբեր ոլորտներում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով: Նախագահի գնահատմամբ, դեսպանին հաջողվել է բրազիլական հարուստ և բազմազան մշակույթը լավագույնս ներկայացնել Հայաստանում և մշակույթի միջոցով ևս նպաստել երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը դեսպան Մոնտեյրոյի դիվանագիտական առաքելության շրջանում առանձնացրել է հատկապես երկու հիշարժան իրադարձություն՝ Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ-բրազիլական հարաբերությունների ջերմությունն ու ամրությունը: Նախագահ Սարգսյանը երկկողմ բարեկամության խորացման ևս մեկ նշանակալի իրադարձություն է համարել 2015թ. Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2016թ. Նախագահ Սերժ Սարգսյանի Բրազիլիա կատարած այցը և հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ:  Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի հաջորդ դեսպանը կշարունակի պարոն Մոնտեյրոյի հիմնադրած բարի ավանդույթներն ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Բրազիլիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության, ինչպես նաև իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ իր համար մեծագույն հաճույք և պատասխանատվություն էր աշխատել հնամենի պատմություն և հարուստ մշակույթ ունեցող հյուրընկալ Հայաստանում, որտեղից հեռանում է հրաշալի տպավորություններով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am