Շառլ Ազնավուրն ու նրա քույրն Իսրայելում պարգևատրվելու են Ռաուլ Վոլենբերգի մեդալով

Armenpress 10:44, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգեւատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով asbarez.com-ին, Շառլ Ազնավուրը և Աիդան կստանան Ռաուլ Վոլենբերգի մեդալ։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:

Ազնավուրներն այս պարգևին արժանանում են մարդասիրական մոտեցման համար: Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ հենց իրենք, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել եւ փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։

Շառլ Ազնավուրը միջոցառմանը ներկա կգտնվի որդու` Նիկոլասի, հետ: Նրանք էլ կընդունեն նաև Աիդայի մեդալը, որովհետև վերջինս չի կարողանա մասնակցել արարողությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am