Թբիլիսիի քաղաքապետ է դարձել նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն

Armenpress 16:35, 22 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում 737 ընտրատեղամասերի 100% քվեաթերթերի մշակումից հետո պարզ է դարձել, որ քաղաքապետ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ, «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Քալաձեն. Նա հավաքել է ձայների 51,06%-ը կամ ավելի քան 203 հազար մարդ։ Վրաստանի մայրաքաղաքում ընդամենը գրանցված է 943 հազար 423 ընտրող, սակայն ընտրություններին մասնակցել է միայն 43,4%-ը՝ մոտ 410 հազար մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա Օնլայն»-ը։

Երկրորդ տեղում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին՝ 17,46% ձայն, երրորդում՝ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին՝ 16,53% ձայն։

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվել են քաղաքների և շրջանների 64 ղեկավարների և 64 սաքրեբուլոների (համայնքային օրենսդիր մարմին)  ընտրություններ։ Քաղաքապետերը և պատգամավորներն ընտրվում են համընդհանուր ուղիղ քվեարկությամբ, 4 տարի ժամկետով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am