Վենետոյում և Լոմբարդիայում սկսվել է ինքնավարության հանրաքվեի քվեարկությունը

Armenpress 12:11, 22 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի երկու հյուսիսային մարզերում՝ Լոմբարդիայում և Վենետոյում սկսվել է ինքնավարության ստանալու հարցով հանրաքվեի քվեարկությունը։ Ինչպես հոկտեմբերի 22-ին հաղորդել է Rai Radio 1-ը, քվեարկություններին կարող է մասնակցել 12 մլն մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըէ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Իտալիայի տնտեսապես առավել զարգացած երկու մարզերի բնակիչների առաջարկվել է կարծիք հայտնել այն հարցի վերաբերյալ, թե ցանկանում են արդյոք նրանք, որ տարածաշրջանային իշխանությունների վերապահվի լիազորությունների մի մասը, ինչը ենթադրում է մարզային գանձապետարանում ավելի շատ հարկային մուտքերի պահպանում։ Հանրաքվեները խորհրդակցական բնույթ են կրում, դրանց արդյունքները չեն ունենա ուղիղ հետևանքներ, քանի որ Իտալիայի Սահմանադրությունը ենթադրում է, որ տարածաշրջանների լիազորությունների որոշումը հնարավոր է միայն պետության հետ բանակցությունների գործընթացում։

Եթե ինքնավարության ձգտումն աջակցություն ստանա, տարածաշրջանների վարչակազմերի ղեկավարները՝ նահանգապետերը, փաստացի կստանան այդ գործընթացն սկսելու ժողովրդական մանդատ։ Թեև Իտալիայի կառավարությունը ճանաչում է քվեարկության օրինականությունը, այն քվեարկությունը համարում է «անօգուտ քաղաքական քայլ», քանի որ սահմանադրությունը թույլ է տալիս ինքնավարության մասին բանակցություններ սկսել  նաև առաբց հանրաքվեի անցկացման։

Քվեարկությունը կանցկացվի մինչև տեղական ժամանակով ժամը 23:00-ն (01:00՝ Երևանի). Քվորում  նախատեսված է միայն Վենետոյում։ Լոմբարդիայում Իտալիայում առաջին անգամ կիրառվում է էլեկտրոնային քվեարկության համակարգ։

Լուսանկարը՝ adnkronos.com



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am