ՀՀ ոստիկանապետն այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս

Armenpress 20:58, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 20-ին այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Ոստիկանության պետը ստուգեց ծառայության պայմանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների ֆիզիկական պատրաստության ապահովման խնդիրներին, որոնց լուծմանն են ծառայում հիմնանորոգված և կահավորված մարզադահլիճն ու մասնագիտացված մարզասրահները: Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ մարզական հանդերձանքի, մարզագույքի ու սարքերի տեսականուն, մարզահրապարակում հետևեց պարապմունքների ընթացքին: Այս օրերին ոստիկանության զորքերի հրամանտարության ուշադրության կենտրոնում է նաև ստորաբաժանումների իրային ու մթերային նախապատրաստությունը ձմեռային պայմաններին: Ոստիկանության պետը զորամասի մթերապահոցում ստուգեց սննդամթերքի, պահածոների, կիսաֆաբրիկատների մթերման վիճակը, իսկ ճաշարանում՝ օրվա համար նախատեսված զինվորական ճաշատեսակները: Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց զորամասի պատրաստականության կապակցությամբ և հանձնարարեց ավելի բարձրացնել ինչպես համազորային, այնպես էլ մասնագիտական պատրաստվածության մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am