Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. Էդվարդ Նալբանդյան

Armenpress 16:45, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած համատեղ քննարկումների շրջանակում  Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիին ներկայացրել է միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հայկական կողմի ջանքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի շրջանակում:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Ցավոք, Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով երեկ հայ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը հաջորդեց նախագահների առանձնազրույցը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով բանակցությունների արդյունքներից, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am