ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը

Armenpress 19:55, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով հոկտեմբերի 18-ին Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ անդամ երկրների կողմից Երևանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am