Առանց միջնորդների շփումները միշտ օգտակար են. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

Armenpress 17:14, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից, չնայած առանձնապես սպասելիքներ չկային, այնուամենայնիվ, դրա կայացումն արդեն իսկ ճիշտ է. այսպես է կարծում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Որևէ հանդիպում կարող է շոշափելի արդյունքներ չտալ, բայց ես գտնում եմ, որ ճիշտը հանդիպելն է, այդ դեպքում իրավիճակը վերահսկելու, վտանգները մեղմելու հնարավորությունն ավելի է մեծանում, քան մեջքով իրար կանգնելու դեպքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորը նկատեց, որ այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ առանց միջնորդների էր: «Վերջին 10 տարիներին ես չեմ մտաբերում դեմ առ դեմ հանդիպում երկու նախագահների միջև: Նման շփումները միշտ էլ օգտակար են: Պետությունների միջև հարաբերությունները, բազում խնդիրների լուծման հավանականությունը կամ հաջողությունը շատ դեպքերում կախված է առաջին դեմքերի` միմյանց հանդեպ տածած վերաբերմունքից: Եթե առաջին դեմքերն իրար չեն վստահում, նույնիսկ ամենահեշտ խնդիրները չեն լուծվի»,-վստահեցրեց նա:

Խոսրով Հարությունյանի կարծիքով` հանդիպումն այնքան էլ սիրալիր ու հեշտ ընթացք չի ունեցել ու հավանաբար, կողմերը քննարկել են, թե սահմանում ստեղծված իրավիճակը որքան կարող է այսպես շարունակվել: «Այս հանդիպումը փոքր-ինչ հույս է ներշնչում, որ առաջիկայում անվտանգության մեխանիզմների ներդրումը կարող է ինչ-որ հեռանկար ունենալ»,-հույս հայտնեց պատգամավորը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հանդիպումից հետո հոկտեմբերի 16-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am