ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է  ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ

Armenpress 15:59, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հոյտեմբերի 16-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության և Կալիֆոռնիա նահանգի միջև համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը:

Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության  Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:

Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am