Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի Հայաստանի տաղավարից ադրբեջանցիները գողության փորձ են կատարել

Armenpress 16:27, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տաղավարից գողության փորձ են կատարել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ին տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել իրենց հետ:

«Մենք կարգի հրավիրելու պահանջով հետևել ենք այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: Անմիջապես տաղավար եմ կանչել ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցներին և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել»,-գրել է Տեր-Վարդանյանը նշելով, որ այդ  ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է եւ առաջիկայում կհրապարակվի:

Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում ադրբեջանցիները գրել են, թե իբր իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: «Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին»,-նշում է ՀՀ մշակույթի փոխնախարարը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am