Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը. Էդուարդ Շարմազանով

Armenpress 12:29, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի ԱԺ-ի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում:

 «ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ եւ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:

«Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է նաեւ, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am