Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Armenpress 15:31, 6 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների բովանդակալից երկխոսության ու անմիջական շփման հարթակ:  Զրուցակիցները երկուստեք կարևորել են նման միջոցառումների պարբերական անցկացումը, ինչը, նրանց կարծիքով, թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը և քայլեր ձեռնարկել դրանք լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ:  Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին: Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան և հայկական արդյունաբերողների միջև փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am