Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին

Armenpress 19:13, 2 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ երեկ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը: Հանձնակատար Հանի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) գնահատմամբ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը լավագույններից են Եվրոպայի սահմաններից դուրս: 

Նախագահ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Հանը ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից առաջ քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին:Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և հանձնակատար Հանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am