Ծառայակիցներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին

Armenpress 19:00, 2 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները  վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, Գորիկ Հակոբյանի հարազատները, մտերիմներն ու ծառայակիցները:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Գորիկ Հակոբյանը բարձրակարգ սպա էր, ումից իրենք շատ բան են սովորել: «Նա առաջին հերթին լավ  մարդ էր ու լավ սպա: Մենք նրանից շատ բան ենք սովորել: Հատկապես ես վերջին տարիներին շատ բան եմ նրանից սովորել: Նա միշտ կհիշվի որպես լավ մարդ և լավ սպա»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ծանր հիվանդությունից հետո 2017 թվականի սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­գության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: Գորիկ Հակոբյանի հուղարկավորության արարողությունը կկայանա հոկտեմբերի 3-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am