Նոր սարքավորումներ եւ սահմանահատման ավելի դյուրին ընթացակարգ. շահագործման հանձնվեց Բավրայի նորակառույց սահմանային անցակետը

Armenpress 18:19, 1 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագրի շրջանակում շահագործման հանձնվեց Բավրայի նորակառույց սահմանային անցակետը՝ այսպես ամբողջացնելով ծրագիրը, որը նախատեսում էր եւս երկու ՝  Գոգավանի եւ Բագրատաշենի անցակետերի արդիականացումը:

Անցակետի պաշտոնական բացմանը ներկա էր  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սահմանի կառավարմանն առնչվող պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած պատվիրակությունը: 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ  անցակետի արդիականացումն ապահովելու է  թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, թե՛ բեռնափոխադրողներին ու գործարարներին ավելի բարձր մակարդակի ծառայության մատուցումը:

«Բավրայի անցակետի պաշտոնական բացմամբ մենք ավարտում ենք ՀՀ հյուսիսային դարպասի անցակետերի արդիականացման աշխատանքները: Անցակետի թողունակությունը, նախորդի համեմատ, իհարկե, ավելի մեծ է: Ինչպես տեսնում եք, մեկ տարվա ընթացքում  արդեն  երրորդ անցակետն ենք շահագործման հանձնում: Մենք փորձում ենք ավելի  հեշտացնել բիզնեսի աշխատանքը եւ թեթեւացնել երկիր այցելող զբոսաշրջիկների ավելորդ թղթատարության ծավալը՝ գործարկելով մեկ պատուհանի սկզբունքը: Նոր ենթակառուցվածքների ձեւավորման գործընթացը  պետք է համատեղվի սահմանային եւ մաքսային հսկողության ժամանակակից եւ պարզեցված  ընթացակարգերի ներդրմամբ՝ նպատակ ունենալով հեշտացնել միջազգային առեւտուրը,  ավելացնել ապրանաշրջանառությունը, ինչպես նաեւ նպաստել արտաքին ներդրումների եւ պետական եկամուտների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդան Հարությունյանը՝ ընդգծելով, որ ժամանակից սարքավորումները  հնարավորություն են տալիս  կատարել առավելագույնս որակյալ զննում՝ ըստ այդմ նաեւ բացառելով եւ նվազագույնի հասցնելով  մաքսանենգության դեպքերի քանակը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները դեռեւս վաղ ժամանակներից եղել են ընկերական: Նրա հավաստմամբ՝ դրանք պահպանվում եւ ամրապնդվում են:

«Դրա մասին վկայում է այն, որ Վրաստանի փոխվարչապետը եւս ներկա է բացման արարողությանը»,- ասաց նա:

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նոր անցակետի շինարարական աշխատանքները սկսվել են դեռեւս 2013 թվականին: Մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը տեղեկացրեց, որ կառուցվել են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական եւ վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը:   Այժմ մաքսատունն ունի մուտքի եւ ելքի համար նախատեսված  7-ական ուղի. յուրաքանչյուր ուղղությամբ 2 բեռնատար, 4 մարդատար  ավտոմեքենաների եւ մեկ առանձնացված ուղի՝ ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար: Առկա է նաեւ 4-ական ուղեւտրային  անցուղի հետիոտների համար: Բավրայի անցակետն առաջին ժամանակակից կառույցն է, որն ունի նաեւ ուղղաթիռային հարթակ:

«Մաքսակետը բարելավվել է, 4000 քմ-ընդարձել է 110 հազար քմ:  Ամեն ինչ արվել  է, որ ժողովրդի եւ մեքենաների համար ապահովվի հարմարավետություն: Ուղղաթիռային հարթակը   նախատեսված է անհրաժեշտության պարագայում հրատապ դեպքերի ժամանակ օգտագործելու համար: Երեւանից դեպի Բավրայի մաքսակետ  մեքենան հասնում է երկու ժամում, ուղղաթիռը կհասնի մոտ 40 րոպեում»,- ասաց մաքսատան վարչության պետը՝ նշելով, որ սահմանը օրական հատում է շուրջ 2200 մեքենա:

Անդրադառնալով մաքսանենգության դեպքերին՝ Սուրեն Ղազարյանը նշեց, որ դրանք հիմնականում առնչվում են սննդի տեղափոխմանը:

«Մարդիկ նույնիսկ մեքենաների անվադողերում են այն պահում»,- ասաց վարչության պետը՝ շեշտելով, որ այժմ  250  տեսանկարահանող սարքերով հագեցված մաքսատունը կապահովի առավել անվտանգ աշխատանք:

Պետական եկամուտների կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը մաքսակետում ունեն նաեւ տվյալների մշակման ժամանակակից կենտրոն:

«Շրջայցի ժամանակ դուք տեսաք աչք շոյող եւ բազմաֆունկցիոնալ մի անցակետ, որն ապահովելու է քաղաքացիների,  բեռնափոխադրողների, տնտեսավարող սուբյեկտների սահուն եւ անխոչընդոտ սահմանահատումը՝ դրանով իսկ նպաստելով երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացմանը»,- ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ուրախ է եւ հպարտ, որ ՀՀ կառավարությունը հենց նրանց է վստահել Բավրայի անցակետի  արդիականացման կարեւոր  խնդրի իրականացումը: «Կարծում եմ՝ հրաշալի աշխատանք է կատարված: Նախորդ տարի այստեղ էինք, եւ հիմա, երբ նայում ենք կատարված աշխատանքին, հիանում ենք այն հանգամանքով, որ Բավրայի արդիականացման աշխատանքերն ավարտին են հասցվել:  Նաեւ ուրախ եմ այստեղ գտնվելու համար,  որովհետեւ սա երրորդ եւ վերջին արդիականացված անցակետն  է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ: Պատճառը, թե ինչու ենք այս ամենին մեծ կարեւորություն տալիս, այն է, որ անցակետի արդիականացումը հնարավորություն է տալիս Հայաստանին ավելի ընդլայնել կապակցվածությունը արտաքին աշխարհի հետ եւ տարածաշրջանի երկրների հետ»,-ասաց Բրեդլի Բուզետտոն՝ ընդգծելով, որ  սահմանների արդիականացումը  նաեւ առեւտուրը, զբոսաշրջությունը խթանելու եւ սահմանային անվտանգության ավելի բարձր մակարդակ ապահովելու հնարավորություն է տալիս:

Նա տեղեկացրեց, որ ամիսներ առաջ արդիականացված Բագրատաշենի անցակետի վերաբերյալ մարդկանց շրջանում անցկացվել է հարցում, որն իրականացվում է նաեւ տարածաշրջանի այլ երկրներում անցակետերի աշխատանքների որակը գնահատելու համար: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը նշեց, որ ըստ տվյալների՝  մարդիկ առավելագույնս գոհ են հենց Բագրատաշենի անցակետից:

«Մի կարեւոր հանգամանք եւս կցանկանայի նշել. երկիր այցելող ներդրողին եւ զբոսաշրջիկին հենց սահմանային անցակետն է տալիս առաջին տպավորություններն այն մասին, թե  ինչքանով է երկիրը բաց,  կապակցված ու պատրաստ բիզնեսի իրականացմանը»,-եզրափակեց նա:

Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի արդիականացման աշխատանքները ֆինանսավորելով՝ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել Հայաստանի կապակցվածությունն արտաքին աշխարհի հետ, լրագրողներին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը դրամաշնորհների եւ վարկերի միջոցով մոտ 50 մլն եվրո է  տրամադրել այս ծրագրի իրականացման համար: Դրամաշնորհները տրամադրվել են Եվրոպական հանձնաժողովի, իսկ վարկերը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով: Այդ գումարը կազմում է ծրագրի ընդհանուր ֆինանսավորման մոտ 90 տոկոսը: Խոսքը Բագրատաշենի, Գոգավանի, այսօր նաեւ Բավրայի արդիականացման ծրագրի մասին է: Կապակցվածության խթանումը եւ ընդլայնումը եվրոպական հարեւանության քաղաքականության կարեւորագույն սյուներից մեկն է:  Եթե Հայաստանն ավելի լավ է կապակցված արտաքին աշխարհի  հետ, դա խթանում է ավելի արագ աճը, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիների համար ստեղծում է շոշափելի օգուտներ: Հայաստանի եւ Վրաստանի ավելի մեծ փոխկապակցվածությունը ակնհայտորեն ավելի մեծ օգուտներ ունի, քանի որ նրանք բարեկամական երկրներ են,  երկու հինավուրց քրիստոնեական ազգեր»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Նա մեծ հույսեր ունի, որ սահմանային ժամանակակից անցակետերի շնորհիվ երկու երկրներն էլ ավելի կընդլայնեն կապերը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ կնպաստեն զբոսաշրջության աճին: «Ինչպես տեսնում եք, ստեղծված պայմանները նոր են, ժամանակակից ու եվրոպական, եւ բոլոր սահմանահատողները հնարավորություն ունեն վայելելու դրա օգուտները»,- եզրափակեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռեւս 2010 թվականինն  ՀՀ Նախագահի ՝ «ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին» կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015 թվականների  միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթ իրականացնել «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» սահմանային անցման կետերի արդիականացումը: 2012 թվականին ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 54.43 մլն եվրո է:  Բավրայի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am