Աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, վաճառվել Է 53 մլն դոլարով

Armenpress 15:32, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, ձեռք Է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս Է անցյալ տարվա գնահատումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը:

2016 թվականի հունիսին թենիսի գնդակի չափով ալմաստը դրվել Էր Sotheby՚s-ի աճուրդում, եւ գնորդները դրա դիմաց առաջարկել Էին 61 մլն դոլար այն դեպքում, երբ այն հայտնաբերած Lucara Diamond կանադական ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը ակնկալում Էր վաճառքից ստանալ առնվազն 70 մլն դոլար:

Lesedi la Rona-ի յուրաքանչյուր կարատն արժե 47,8 հազար դոլար՝ զիջելով ինչպես գունավոր, այնպես Էլ անգույն այն ալմաստներին, որոնք վերջին ժամանակներս վաճառվել են սակարաններում: 2016 թվականի մայիսին 813 կարատ քաշով Constellation ալմաստը (նույնպես պատկանում Է Lucara-ին) վաճառվել Էր 63 մլն դոլարով կամ կարատի դիմաց 77,5 հազար դոլարով: Ընթացիկ տարվա ապրիլին հազվագյուտ Pink Star ադամանդը վաճառվել Էր 71,2 մլն դոլարով (կարատի դիմաց՝ 1,2 մլն դոլար)՝ գնի նոր ռեկորդ սահմանելով թանկարժեք քարերի շուկայում:

Lesedi la Rona ալմաստը հայտնաբերվել Է 2015 թվականի նոյեմբերին Բոտսվանայի Karowe հանքավայրում, որը պատկանում Է Lucara Diamond Corp կանադական ընկերությանը: Քարի անվանումը տսվանա լեզվից թարգմանվում Է որպես «Մեր լույսը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am