Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աբխազական ճանապարհի բացմանն ու Վերին Լարսում խնդիրների լուծմանը

Armenpress 12:48, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լավատես է և վստահ, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով, այլև այլ ուղղություններով անցնող շատ փակ ճանապարհներ կբացվեն, որովհետև ժողովուրդները շփման կարիք, անհրաժեշտություն ունեն: Այդ մասին Մարտիրոսյանը նշեց սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով աբխազական ճանապարհի բացման հնարավորությունների մասին հարցին: «Ես հույս եմ հայտնում, որ այդ ճանապարհը շուտ կբացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Անդրադառնալով Վերին Լարսում ձմռանն առաջացող խնդիրներին՝ Մարտիրոսյանն ասաց, որ վրացական կողմն ավելացրել է ճանապարհը ձյունից մաքրող տեխնիկաների թիվը: «Կրկին հանդիպել եմ Վրաստանի ճանապարհային ընկերության տնօրենի հետ: Արդեն նախագծային աշխատանքներ են տարվում Վերին Լարսի հատվածում նոր թունելի կառուցման ուղղությամբ: Շինաշխատանքները գալիք տարվանից կսկսվեն, որոնք կտևեն երեք տարի»,- նշեց նա:

Խոսելով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին՝ նախարարը նկատեց, որ դա ոչ միայն ցամաքայինն է, այլ նաև լաստանավայինը, որը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպում է բավականին արդյունավետ և համեմատաբար ցածր գնով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am