Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Armenpress 12:24, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ղազախստանի «Ղազգեոլոգիա» ազգային երկրաբանական հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելդար Տագաշին։  Քննարկվել են ընդերքի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալը նախարարին ներկայացրել է «Ղազգեոլոգիա»  ընկերության գործունեության ոլորտները, անդրադարձել արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցությանն ու ներումային ծրագրերի իրականացմանը։ Ելդար Տագաշը  Աշոտ Մանուկյանին տեղեկացրել է նաև ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ծավալելու իրենց հետաքրքրությունների մասին։

Ողջունելով Ղազախստանի ազգային երկրաբանական հետազոտական ընկերության մտադրությունները՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել փոխգործակցության հաստատմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am