Մարդու ու սարդի համատեղ արարումը. գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է մրցանակի

Armenpress 11:12, 26 Սեպտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել Է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին:Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի գործերը: Նա նկարներ է ստեղծում... բնական սարդոստայնից: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հեղինակը, թե ցուցադրությանը մասնակցելու առաջարկը, թե իր ստացած մրցանակն անակնկալ էին իր համար: Ցուցադրությանը գործերը ներկայացրել է նրա որդին:Տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ Անդրանիկը հասկացավ, որ դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ: Գործարարությամբ զբաղվող երիտասարդի հետաքրքրությունը դարձավ զբաղմունք. նկարչի ընտանիքում ծնված ու փոքր տարիքում նկարչությամբ զբաղվող երիտասարդի մեջ արթնացավ արվեստագետի ոգին, և սկիզբ դրվեց մարդու ու սարդի համատեղ արարմանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am