Իրաքը կոչ Է արել երկրներին՝ դադարեցնել նավթի առեւտուրը Քրդստանի հետ

Armenpress 16:23, 25 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը կոչ Է արել արտասահմանյան պետություններին՝ դադարեցնել ինքնավար Իրաքյան Քրդստանից նավթի ներմուծումը եւ առեւտրով զբաղվել միայն կենտրոնական կառավարության հետ: Այդ մասին գրել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի կառավարության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բաղդադը «խնդրում Է հարեւան երկրներին եւ ամբողջ աշխարհի երկրներին՝ նավթի ու դրա ընդունման կետերի վերաբերյալ գործարքները կնքել միայն Իրաքի համերկրային կառավարության հետ», ասված Է հայտարարության մեջ:

Հավանաբար, հաղորդագրությունն առաջին հերթին հասցեագրված Է Թուրքիային, որի տարածքով Է կատարվում քրդական նավթի տարանցումը, նշում Է գործակալությունը: Իրաքի իշխանությունները դեմ են Քրդստանի տարածքային կառավարության կողմից նավթի անկախ վաճառքին եւ քանիցս փորձել են արգելափակել դրա մատակարարումները:

Իրաքյան Քրդստանն օրական մոտավորապես 650 հազար բարել նավթ Է արդյունահանում իր հանքավայրերից, ներառյալ 150 հազար բարել՝ Քիրկուկի նահանգի վիճելի տարածքներում: Տարածաշրջանին բաժին Է ընկնում Իրաքում նավթի արդյունահանման 15 տոկոսը եւ համաշխարհային արտադրության շուրջ 0,7 տոկոսը: Գործակալության տվյալներով՝ Քրդստանը հույս ունի մինչեւ 2020 թվականը արդյունահանումն ավելացնել օրական մինչեւ ավելի քան 1 մլն բարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am