Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։ Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։ «Լազարյան ճեմարանը չի օպտիմալացվում ՀՀ ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել։ Հայկական դպրոցները աշխատում են Սանկտ Պետերբուրգում և շարունակելու են աշխատել Մոսկվայում»,- վստահեցրեց ՌԴ ԿԳ նախարարը։ Օրերս «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում երկու հայկական դպրոց մեկ տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։