Գեղարքունիքում երաշտի պատճառով վտանգվում է աշնանացանի կատարման ընթացքը

Armenpress 19:23, 22 Սեպտեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում աշնանացանի ընթացքը ձախողման վտանգի տակ է հայտնվել տեւական երաշտի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետարաններից եւ երկրագործական խոշոր տնտեսություններից, սեպտեմբերի 22-ի դրությամբ կատարված աշնանացանի ծավալները շատ քիչ են, կատարված ցանքն էլ առայժմ ծլելու նշաններ ցույց չի տալիս չոր եղանակների պատճառով:

«Մեծ Մասրիկում տարեկան մինչեւ 1000 հեկտար աշնանացան ցորենի ցանք է կատարվում: Ցանքի լավագույն ժամանակահատվածը համընկնում է օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ի հետ, որպեսզի ցանքը հասցնի ծլել եւ գնալ ձմեռացման: Մինչ օրս կատարվել է մոտ 240 հեկտար, սակայն ծլելու նշաններ դեռ չեն նկատվում, թեեւ մոտ մեկ ամիս է, ինչ սերմը մարդիկ պահ են տվել հողին: Ի դեպ, սրանք այն տարածքներն են, որոնք ամռանը եղել են ցելի տակ, խոնավ վիճակում մշակվել: Իսկ ահա մնացած վարելահողերը պնդացել են այնքան, որ դժվար է վարուցանքի աշխատանք կատարել:

Փրկության միակ ելքը անձրեւն է, որն այդպես էլ ավելի քան երկու ամիս ուշանում է»,-ներկայացրեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը: Իրավիճակը գրեթե նույնն է նաեւ մյուս համայնքներում եւ տնտեսություններում:«Գեղամասարում տարեկան ցանվում է մոտ 800 հեկտար աշնանացան: Սեպտեմբերի 22-ի դրությամբ հազիվ 100-150 հեկտար ցանք ենք կատարել, որը 20-25 օր անց ծլելու նշաններ չի տվել: Մնացած տեղերում հողն այնքան է չորացել, որ խոփը չի մտնում մեջը, փորձի դեպքում էլ մեծ կոշտեր է տալիս: Եթե երաշտը շարունակվեց, ու ցանքի ժամկետն անցավ, վիճակն արդեն անհաղթահարելի կլինի»-ներկայացրեց Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը: «Արեգունիում կատարվում է տարեկան մինչեւ 350 հեկտար աշնանացան: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ունենք հազիվ 20 հեկտար ցանք, որը անցած 25 օրերի ընթացքում դեռ չի ծլել: Մնացած տարածքներում հողը կոշտացել է այն աստիճան, որ չի վարվում: Նման վիճակում են նաեւ մեր շրջակա համայնքների վարելահողերը: Անհամբեր սպասում ենք անձրեւների, թեեւ դրանք անչափ ուշացել են»-ներկայացրեց Արեգունու գյուղապետ Արամ Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am