Կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ- այգի

Armenpress 18:09, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի: Ամբողջությամբ վերակառուցված տարածքում երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Մանկական այս անկյունում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նորաբաց ինտերակտիվ այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով պայմաններին՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է նմանօրինակ անկյունների ստեղծման և կենդանիների հետ ազատ շփման հնարավորությունը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ կենդանաբանական այգում տարվում են հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվում նոր ազատավանդակներ, համալրվում են կենդանատեսակները: Այս աշխատանքներին զուգահեռ՝ այգում ստեղծվեց նման մի անկյուն, որը երեխաների մեջ սերմանում է սեր բնության և կենդանիների հանդեպ, ինչը կարևոր է նաև երեխաների դաստիարակության առումով», - նշել է Արամ Սուքիասյանը:

Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ:

Նշենք նաև, որ մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ կլինի անվճար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am