ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները

Armenpress 17:06, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիԿառավարությունը նախատեսում է նոր ներդրումներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում` ենթակառուցվածքները բարեփոխելու և  պայմաններն ավելի հարմար դարձնելու համար: Սեպտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Այս տարի մենք արդեն իսկ սկսել ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում է կատարվել օդանավակայանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ օդանավակայանում ավտոմեքենաների համար խոշոր կայանատեղի է կառուցվում, տեխնիկական պահանջների համար` նոր մեծ տարածք: «Փոխվում է նաև ջեռուցման համակարգը»,- ընդգծեց ՔԱԳՎ պետը:

Սերգեյ Ավետիսյանը հավելեց, որ այս պահին Գյումրիի օդանավակայանը բեռնափոխադրումներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ չունի, քանի որ չկան բեռնափոխադրող ինքնաթիռներ սպասարկելու հնարավորություններ: «Սակայն սա ևս մտնում է մեր ծրագրերի մեջ: Եթե լինի բեռնափոխադրումներ իրականացնելու պահանջարկ, մենք անմիջապես կկազմենք համապատասխան ծրագիր և կիրականացնենք այն»,- ընդգծեց Ավետիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am