Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում նշվել է Հայաստանի անկախության 26-ամյակը

Armenpress 11:54, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի պալատում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին, ՄԻԵԴ դատավորներ, ԵԽ անդամ և դիտորդ պետությունների դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին, ԵԽ քարտուղարության և այլ մարմինների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր և հայ համայնքի անդամներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում անդրադարձավ անկախությունից ի վեր Հայաստանի որդեգրած ուղուն` միտված խորքային բարեփոխումների միջոցով երկարաժամկետ զարգացման տեսլականի կյանքի կոչմանը:  Անդրադառնալով անդամակցությունից ի վեր ԵԽ կառույցներորւմ ՀՀ ներգրավվածությանը` Հայաստանի դեսպանն ընդգծեց. «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցությունն արդյունավետ և հանձնառու երկխոսության արգասիք է: Եվրոպայի խորհուրդը մշտապես հանդիսացել է և շարունակում է արժեքավոր հենարան լինել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման համար: Պատահական չէ, որ հենց Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ է ապահովվել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների կայացումը, որի արդյունքում հաջողությամբ շարունակվում են իրագործվել նաև ներկայիս լայնածավալ օրենսդրական փոփոխությունները»: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, շնորհավորելով Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, անդրադարձ կատարեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ համագործակցությանը և դրա արդյունքում արձանագրված արդյունքներին: Իր շնորհավորական ուղերձում Թորբյորն Յագլանդն անդրադարձավ նաև ուշագրավ մի դրվագի` կապված Նանսենյան անձնագրերի և դրանց միջոցով բազմաթիվ հայերի փրկության հետ: Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, նշեց. «Եթե մենք մտածենք ժողովուրդների մասին, նման գործեր կկատարվեն նորից: Դա արվեց ողբերգությունից հետո, ինչը հնարավորություն տվեց փրկելու կես միլիոն մարդկանց: Անձնագրերը ճանաչվում էին ավելի քան 50 պետության կողմից, և բոլոր այս մարդիկ հնարավորություն ստացան հատելու սահմաններ և փրկվելու»: Միջոցառմանը պարային կատարումներով հանդես եկավ մի շարք մրցանակների արժանացած` Ստրասբուրգի Վերածնունդ հայկական պարային համույթը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am