Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ

Armenpress 17:14, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի՝ «Եվրոպական միավորված ձախերի» խմբակցության մեջ մտնող պատգամավորները հայտարարել են, որ Կատալոնիայի բնակիչները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Ինչպիսին էլ որ լինի մեր կարծիքը Կատալոնիայի անկախության կամ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասին, այն չի կարող արդարացնել ուժի կիրառումը, ճնշումները և սպառնալիքները: Կատալոնիայի ժողովրդին պետք է թույլ տան ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշել», - նշվում է հայտարարության մեջ:

Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկության կապակցությամբ բոլոր փաստաթղթերի գործողությունը, որոնք անցյալ շաբաթ ընդունվել Էին Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am