Համբերություն, սեր գործի հանդեպ. Արաքս Մանսուրյանը տոնում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը

Armenpress 16:11, 18 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված ու սիրված օպերային երգչուհի, Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի, վոկալիստներ կրթող բարձրակարգ մանկավարժ Արաքս Մանսուրյանը տոնում է  իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը: Երգչուհին այն նշում է Հայաստանում իր հարազատների, գործընկերների, ընկերների շրջապատում: Այդ առթիվ, սեպտեմբերի 18-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա երեկո, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Արաքս Մանսուրյանի՝ Սիդնեյի կոնսերվատորիայի ուսանողներին:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Համերգային ծրագիրը բավական հագեցած է: Հնչելու է Կոմիտաս, Մանսուրյան, նախատեսված է եվրոպական ծրագիր: Արաքս Մանսուրյանին հանդիսատեսը կլսի վերջում: Նա հանդես կգա իր ուսանողների հետ:

Մինչ համերգը` առավոտյան փորձից հետո Արաքս Մանսուրյանն իր ուսանողների հետ շտապեց լրագրողների հետ հանդիպման «Արմենպրես»-ի մամուլի սրահում: Զրույցի ընթացքում իր ուսանողները նկատեցին, որ տիկին Մանսուրյանը Հայաստանում բոլորովին այլ է. այստեղ նա ավելի կենսախինդ է, ուրախ, զվարթ: Արդեն մամուլի ասուլիսին Արաքս Մանսուրյանը չթաքցրեց, որ Հայաստանում իրեն ավելի լավ է զգում, այստեղ զգացողությունները բոլորովին այլ են: Լրագրողները համառորեն փորձեցին ճշտել, թե արդյոք տիկին Մանսուրյանը չի պատրաստվում ընդմիշտ տեղափոխվել Հայաստան: Ի պատասխան` նա նշեց, որ ցանկությունը շատ մեծ է և արդեն մտածում է Երևանում իր բնակարանն ունենալու մասին:

«Իսկ այսօր առիթ է մեկ անգամ ևս դիտարկելու իմ անցած ուղին: Հայաստանում ապրած տարիներն ինձ հարազատ են, բայց ես հաջողություններ եմ ունեցել նաև դրսում, գնահատվել: Իհարկե, դա ես չեմ առանձնացնում, որովհետև ես այնտեղ մատուցում եմ մերը, այստեղի հողից ծնված գիտելիքը: Այն, ինչ արել եմ այստեղ, դրսում ավելի կատարյալ եմ դարձրել»,-ասաց Արաքս Մանսուրյանը:   

Շատ մեծ ոգևորությամբ է խոսում երիտասարդների հետ աշխատանքի մասին, հատկապես, երբ նրանց սովորեցնում է հայերեն երգել: Ինչպես Արաքս Մանսուրյանն ընդգծեց՝ դա շատ դժվար է, որովհետև նախ թարգմանելը, բացատրությունը ներկայացնելն է բարդ, դրանից բացի, գործ է ունենում տարբեր ազգի ներկայացուցիչների հետ, որոնց մշակույթը, մտածողությունը, լեզուն շատ տարբեր են:  

«Համբերություն, գործի հանդեպ սեր: Այդ ամենն են ինձ օգնել այդ գործում»,-ասաց Արաքս Մանսուրյանը:

Նույն հիացմունքով էլ Արաքս Մանսուրյանի մասին խոսում էին իր ուսանողները:  Ջորջիա Կոկորիսը հանդիպել է Արաքս Մանսուրյանին տարիներ առաջ, և արդեն 10 տարի է՝  նա իր ուսուցիչն է:

«Մեծ պատիվ է լինել Հայաստանում, երգել Կոմիտաս, Մանսուրյան: Արվեստի, հայոց լեզվի, հայ մշակույթի հանդեպ Արաքս Մանսուրյանի սերն այնքան մեծ է, որ մենք բոլորս վարակվում ենք: Սովորելու տարիներին անպայման ցանկանում ենք իմանալ հայերենի, հայ մշակույթի, պատմության մասին»,-ասաց Ջորջիա Կոկորիսը:

Էնդրյու Դիքսոնը նույնպես երկար տարիներ է աշխատում Արաքս Մանսուրյանի հետ: Շատ տպավորված է նրա մեծությամբ, նրա փորձով, աշխատանքային մոտեցումներով:

«Մեծ պատիվ է այսպիսի պրոֆեսիոնալի հետ աշխատելը: Արաքս Մանսուրյանը ամենալավ ուսուցիչն է, ով գոնե մեկ անգամ մեզ ստիպել է լացել: Իսկ պատճառը շատ ավելի լավ երգելն էր, երգելը կատարելագործելը»,-ասաց Էնդրյու Դիքսոնը:

Ջուլիետ Մունը հիշում է Արաքս Մանսուրյանի հետ հանդիպումը, որը փոխեց իր կյանքը:

«Երբ սկսեցի աշխատել Արաքս Մանսուրյանի հետ, այդ ժամանակ պատրաստ չէի երգել: Արաքսը Մանսուրյանը փոխեց իմ կյանքը: Ես նորից երգում եմ, ես գտա իմ երգային կյանքը: Երբ ես երգում եմ Արաքսի հետ, շատ երջանիկ եմ»,-նշեց Ջուլիետ Մունը:

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է:

Դերերգերից են՝ Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում՝ ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։

Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել հայ երաժիշտների ստեղծագործություններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am