«Մահ ձեզ». Ստամբուլում ազգայնականները քարեր են նետել եկեղեցուց դուրս եկող հայերի վրա

Armenpress 12:28, 18 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով,  artigercek.com-ը, այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:

«Եկեղեցուց դուրս եկողներին «անակնկալ» էր սպասվում. մի խումբ անձինք սկսեցին քարեր նետել՝ բղավելով. «Մահ ձեզ»: Սա ատելության և թշնամանքի դրսևորում է, այն կետը, որին հասել է Թուրքիան»,- նշել է Օզուզունը:

Նա ընդգծել է, որ ամեն կիրակի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ են մատուցվում, և մինչև պատարագի ավարտը եկեղեցու տարածքը հսկում են ոստիկանները: Այդուհանդերձ, պոլսահայ գործիչը տխրեցնող հանգամանք է համարել այն, որ իրենք սեփական անվտանգությունը պահպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:

«Թուրքիայում փոքրամասնությունները, մասնավորապես հայերը դարձել են ատելության խոսքի թիրախ: Այս երկրում «հայ» բառը շատերի կողմից օգտագործվում է որպես հայհոյանք»,- ցավով արձանագրել է Օզուզունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am