Մոսկվայում տեղի է ունեցել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» փառատոնի բացման արարողությունը

Armenpress 21:31, 15 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Հեղափոխության հրապարակում տեղի է ունեցել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» փառատոնի  բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենամյա այս միջոցառումը կազմակերպվել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի արտաքին տնտեսական ու միջազգային հարաբերությունների դեպարտամենտի օժանդակությամբ:

«Փառատոնը Մոսկվայի տոների շարքում անմոռանալի և պայծառ իրադարձություն է: Սա մի գեղեցիկ և բարի ավանդույթ է, ինչի զարգացմանը նպաստել են Մոսկվան և Երևանը: «Ոսկե նուռ»-ը Մոսկվայի եւ Երևանի միջև բարեկամության խորհրդանիշն է», - ասել է Մոսկվայի կառավարության ներկայացուցիչ Սերգեյ Չերյոմինը:

Նրա խոսքով՝ փառատոնին մասնակցում են ոչ միայն Մոսկվայի բնակիչները, այլ նաև տարբեր քաղաքներից եկած հյուրեր, ովքեր կարող են համտեսել հայկական խոհանոցի բարիքները, լսել ազգային երաժշտություն, մասնակցել վարպետության դասերին և գնել հուշանվերներ և ապրանքներ Հայաստանից:

Սեպտեմբերի 14-ից 17-ը Մոսկվայում անցկացվում է «Ոսկե նուռ» փառատոնը: Միջոցառման մասնակիցները  կարող են ծանոթանալ հայկական երաժշտության, ազգային պարերի պատմության հետ, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերին, որտեղ սովորեցնում են  պարել քոչարի և յարխուշտա:  Տոնավաճառում ներկայացվում են Հայաստանից բերված սննդամթերք, ոսկերչական իրեր, հուշանվերներ և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am