Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի առաջ նոր հեռանկարներ կբացվեն

Armenpress 15:43, 15 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրեն Մ. Կոստանդյանը և Ի. Գրաբարի անվան գիտառեստավրացիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Դ. Սերգեևը սեպտեմբերի 15-ին համագործակցության պայմանագիր ստորագրեցին: Այն թույլ կտա պահպանել և հանրահռչակել դպրոցի պատմամշակութային ժառանգությունը, վերականգնել երաժշտական գործիքները, կազմակերպել համատեղ դասախոսություններ, սեմինարներ և գիտաժողովներ:

«Երաժշտության լեզուն ունիվերսալ է, և այն հիմնական բաղկացուցիչներից մեկն է, ինչը  համարվում է մեր պատմական մշակութային հիշողությունը: Այս դպրոց են հաճախում երիտասարդներ, ովքեր այն լքում են արդեն որպես պատրաստի մասնագետներ: Չնայած մշակութային ժառանգության պահպանման թեման ավանդաբար վերաբերում է անցալին` այս դեպքում մենք ապագայի մասին ենք խոսում: Ըստ իս` անհրաժեշտ է մեր ունեցած ժառանգությունը փոխանցել նրանց, ովքեր վաղը կերտելու են մեր ապագան: Այս համաձայնագիրը նման հնարավորություն է տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դ. Սերգեևը:

Մարտուն Կոստանդյանի խոսքով` համաձայնագրի կնքման նախաձեռնությունը ռուսական կողմինն է: «Մեր դպրոցն ունի երաժշտական գործիքներ, որոնք վերականգնման կարիք են զգում: Այս համաձայնագրի շրջանակում հնարավոր կլինի նորոգել դրանք: Ունենք լավ մասնագետներ, որոնք կկարողանան վերապատրաստվել ու կատարելագործել իրենց գիտելիքները: Կարծում եմ, որ այս համագործակցության ընթացքում կարող ենք համատեղ հետաքրքիր նախագծեր իրականացնել»,-եզրափակեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am