Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Armenpress 17:47, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:

Դեսպան Շարպանտիեն ևս շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իր հետ Հայաստան գալու առաջին իսկ օրվանից սերտ համագործակցելու համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել երկու երկրների՝ տարբեր ոլորտներում ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am