Շրջայցեր ենք իրականացնում «Հյուսիս-հարավ»  մայրուղու  հարևանությամբ  գտնվող  հուշարձաների  տարածքներ

Armenpress 15:31, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն  ուշադրության կենտրոնում  է պահում  «Հյուսիս-հարավ» մայրուղու  հարևանությամբ  գտնվող  շուրջ  30  պատմամշակութային  հուշարձանների պահպանության  խնդիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Մարզային  ծառայության  պետ  Վալերիկ Նազարեթյանի փոխանցմամբ  մինչ  օրս  հուշարձանի  վնասման  կամ պահպանական գոտու խախտման  դեպք  չի արձանագրվել` բացառությամբ  մեկի: Մայրուղու  շինարարարությունը  իրականացնող  կազմակերպությունը ճանապարհի  շինարարության համար  օգտագործելու  նպատակով  քանդել  էր  Լանջիկ  գյուղի հարակից  բլրի  հողաշերտի մի հատվածը, որը կարող էր վտանգել բլրի մյուս հատվածում գտնվող «Փարաքար»  դամբարանադաշտի  անխաթարությունը: Վալերիկ Նազարեթյանի  խոսքով  անմիջապես   զգուշացրել են համայնքի ղեկավարին, շինարարական ընկերության պատասխանատուներին և խնդիրը  կարգավորվել  է: 

Մարզային ծառայության պատասխանատուները, հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, համագործակցում  են  մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման  մարմինների  հետ:

«Համայնքների  ղեկավարներն  իրազեկված են, որ հուշարձանների պահպանական գոտիներում պատմամշակութային նշանակության հողերի օտարման, վարձակալման,  հողատարածքներում շինարարական, գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ իրականացնելիս  պետք է նախապես տեղեկացնեն  լիազոր  մարմնին` ստանալու  նրա համաձայնությունն  ու թուլտվությունը», - նշել է Վ. Նազարեթյանը:

«Մշակութային Գյումրին առաջիկայում նորովի կներկայանա», -ասում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը` վկայակոչելով  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարարությամբ  Կումայրի պատմական կենտրոնի զարգացման  ծրագիրը:  ՊՄՊ  մարզային  ծառայության պետը համոզված է, որ Ռուսաթավելի փողոցի նորոգումից  հետո Գյումրի այցելող յուրաքանչյուր ոք կզգա մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի շունչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am