Լավրովն ու Թիլերսոնը կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

Armenpress 20:01, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կհանդիպեն Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Թոմաս Շէննոմի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս:

Ռյաբկովի խոսքով, Հելսինկիում կայացած իրենց հանդիպումը ծառայել է որպես Լավրովի և Թիլերսոնի հանդիպման նախապատրաստություն:

«Ուղենիշը վերցված է նրանց հանդիպման ուղղությամբ»,- ասել է ռուս դիվանագետը:

Ռյաբկովը ցանկություն է հայտնել, որ ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով երկրներին ու միջազգային հանրությանը հաղորդեն դրական ազդակներ՝ պայմանավորվածությունների տեսքով: «Դրական ազդակները շատ են անհրաժեշտ և պահանջված միջազգային օրակարգի հարցերի համար, լինի Սիրիան, Կորեական թերակղզում իրավիճակը, թե Ուկրաինան»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am