Մոսկվայի «Արարատ»-ի հիմնական ֆինանսավորողներից մեկը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով rbc.ru-ն, այս մասին հայտնում է ակումբի նոր սեփականատեր Արամ Գաբրելյանովը:
Ակումբի նոր սեփականատերը նաև նշել է, որ ակումբի ֆինանսավորողներից է նաև «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը: «Այդ մարդիկ մեզ օգնել են, մինչ մենք կսկսեինք կյանքի կոչել ակումբի բաժնետիրական ծրագրերը: Այո՛, սա օգնություն է: Մենք կարող էինք սկզբի համար «Ավիլոն»-ի լոգոտիպը փակցնել ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա, սակայն հիմա դա չէ կարևորը»,- ասել է Գաբրելյանովը:
Նա նաև հայտնել է, որ Մոսկվայի «Արարատ»-ի բյուջեն կազմում է 150-180 միլիոն ռուբլի: Ֆուտբոլային փորձագետները rbc-ի հետ զրույցում այս բյուջեն բավարար են համարում ակումբի հետագա զարգացման առումով:
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Զառա Աջեմյանը ևս հաստատել է, որ Սամվել Կարապետյանը մասնակցել է «Արարատ»-ի ֆինանսավորմանը: «Պարոն Կարապետյանը իսկապես ֆինանսավորել է ծրագիրը: Նա ավանդաբար աջակցել է սպորտի զարգացմանը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում»,- ասել է նա:
«Ավիլոն» ընկերության մամուլի ծառայությունից էլ հաստատել են, որ Կամո Ավագումյանը պլանավորում է դառնալ Մոսկվայի «Արարատ»-ի բաժնետերերից մեկը: