Նախարարը գոհ է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի կիսամյակային հաշվետվությունից

Armenpress 12:52, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ,  31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի 2017 թվականի կիսամյակային հաշվետվությունն ամփոփելով` նախարար Արմեն Ամիրյանը գոհունակություն է հայտնել. «Առողջ պատկեր է: Հուսանք, որ առավել լավ է լինելու, հատկապես, որ գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն արդեն ձեռք ձեռքի տված աշխատում են»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անսամբլն իր դահլիճային վատ պայմանների պատճառով կթերակատարեր արտաբյուջետային եկամուտների պարտավորությունները, եթե Օպերային թատրոնի դահլիճում երեք գեղեցիկ ու ստացված համերգներ չկազմակերպեր։

Անսամբլի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը խոսել է այդ համերգներին լեփ-լեցուն դահլիճների, իսկ գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը՝ նման համերգների հաղորդած մեծ լիցքի, ջերմության մասին։

Նրանց խոսքով` այդ համերգների ծանուցման ֆլեշմոբերի տեսանյութերը 45 հազար դիտում են գրանցել համացանցում:

Հաջորդ տարի վաստակավոր անսամբլը տոնելու է հիմնադրման 80-րդ տարեդարձը։ Նախարար Ամիրյանն առաջարկեց հոբելյանական մեծ համերգը կազմակերպել երաժշտական ներկայացման ձևաչափով:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am