Հայաստանի տնային տնտեսություններում կանանց  որոշումների կայացման դերը աճել է

Armenpress 13:47, 29 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց 80 տոկոսը կայացնում է հիմնական գնումներ կատարելու վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , վկայակոչելով «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցը, ամուսնացած կանանց 96 տոկոսը մասնակցում է սեփական առողջության  պահպանման վերաբերյալ որոշման կայացմանը, իսկ 92 տոկոսը`իրենց ընտանիքին կամ բարեկամներին այցելելու որոշման կայացմանը:

«Չորս կանանցից երեքը մասնակցում են բոլոր երեք որոշումների կայացմանը, իսկ 2 տոկոսը չի մասնակցում երեք որոշումներից ոչ մեկին: Կանանց մասնակցությունը բոլոր երեք որոշումների կայացմանը փոփոխվում է ըստ մարզերի` կազմելով 47 տոկոս` Արարատում և 90 տոկոս` Արմավիրում»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի` բոլոր երեք որոշումների կայացման մասնաբաժինը  2000 թվականի 50 տոկոսից աճել է մինչև 82 տոկոս (2010 թվական), սակայն 2015-16 թվականին մի փոքր նվազել է` կազմելով 77 տոկոս:

«Այն կանանց մասնաբաժինը, ովքեր չեն մասնակցում որոշումների կայացմանը, 2000 թվականի 14 տոկոսից 2015-16 թվականին  կտրուկ նվազել է  2 տոկոսի»,- ասված է զեկույցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am