Նախագահ Սարգսյանն այցելել է ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիր

Armenpress 16:51, 26 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 26-ին Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից և պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետևել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:

Համալիրի պատասխանատուները Նախագահին զեկուցել են, որ 2017 թվականին եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ և այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են մասնակիցներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Հանրապետության Նախագահն այսօր երեկոյան Կոտայքի մարզում կայցելի նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am