Ալիևյան ընտանիքի խոսքի ազատության դեմ ուղղված ոտնձգությունները շարունակվում են. «Թուրան»-ը կասեցնում է գործունեությունը

Armenpress 14:59, 25 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երկրում հաստատելով ավտորիտար ռեժիմ, մշտապես սահմանափակում է խոսքի ազատությունը, կարողացավ հասնել իր նպատակին և կասեցնել փոքրիշատե խոսքի ազատության կենսունակություն ցուցաբերող «Թուրան» լրատվական գործակալության գործունեությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան»-ը:

«Թուրան»-ի անձնակազմը գործակալության կայքում գրառում է կատարել և հայտնել, որ իրենք ստիպված են կասեցնել իրենց գործունեությունը, քանի որ գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությունից հետո արգելափակվել են լրատվականի բոլոր բանկային հաշիվները:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Թուրան» լրատվական գործակալության անձնակազմը ստիպված է սեպտեմբերի 1-ից  անորոշ ժամանակով  դադարեցնել իր  գործունեությունը: Մինչ այդ մենք ստիպված ենք ապահովել գործակալության գործունեությունը մեր անձնական միջոցների և ոգեշնչման միջոցով»,- ասված է «Թուրան»-ի անձնակազմի հայտարարության մեջ:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:

Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am