Շառլ Ազնավուրը 2018-ին համերգային շրջագայություն կնվիրի Ֆրանսիային

Armenpress 18:18, 24 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը 2018թ. համերգային շրջագայություն կունենա Ֆրանսիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շառլ Ազնավուրի համերգային շրջագայության մեկնարկը կտրվի ընթացիկ տարվա վերջին:

2017թ. դեկտեմբերի 13-ին շանսոնիեն ելույթ կունենա Փարիզում, 2018թ. հունվարի 20-ին` Լիոնում, հունվարի 23-ին` Մարսելում, հունվարի 27-ին` Բորդոյում, հունվարի 30-ին Թուլուզում, փետրվարի 3-ին` Նանտում, փետրվարի 6-ին` Լիլում: 

Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվելու է Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝  ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am